Ինտերիեր դիզայնի աշխարհում մինիմալիզմը դարձել է գերիշխող ուղղություն։ Աչքի ընկնելով իր պարզությամբ և ֆունկցիոնալությամբ՝ մինիմալիստական դիզայնը միահյուսում է նրբագեղությունն ու ժամանակակից ոճը։ Մինիմալիզմը զուտ գեղագիտական արժեք չէ․ դրա հիմքում մի ամբողջ փիլիսոփայություն է, որն առաջնահերթություն է տալիս պարզությանը առօրյա կյանքում։

Ո՞ր դիզայնն է համարվում մինիմալիստական։
Մինիմալիստական դիզայնը բացառում է ավելորդ էլեմենտները՝ կենտրոնանալով հիմնական, ֆունկցիոնալ նշանակություն ունեցող էլեմենտների վրա։ Այստեղ պարզ ուրվագծերն ու երկրաչափական պատկերները գալիս են փոխարինելու բարդ, ծանրաբեռնող նախշերին։ Կահույքի յուրաքանչյուր կտոր նախագծվում է այնպես, որ այն օգտագործվի նպատակային։
Մինիմալիստական կահույքը կենտրոնանում է օգտագործվող նյութերի՝ փայտի, ապակու, մետաղի որակի ու բնական տեսքի վրա։ Կիրառվող հիմնական գունային լուծումները չեզոք են՝ փափուկ երանգների ու մոնոքրոմատիկ պալիտրաների համադրությամբ, որոնք ինտերիերին հաղորդում են նրբագեղ էսթետիկա։
Ինչու՞ է մինիմալիզմը դարձել գերիշխող ինտերիեր դիզայնում։
1․ Այն համահունչ է ժամանակակից մարդու ապրելակերպին։
Մեր օրերում տներն ու բնակարանները գնալով դառնում են ավելի բազմաֆունկցիոնալ՝ համադրելով առանձնացված տարածքներ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար։ Դրա հետևանքով կահույք ընտրելիս մարդիկ առավելապես նախընտրում են ֆունկցիոնալ մոդելներ՝ նախկինում գերիշխող շքեղ մոդելների փոխարեն։ Մինիմալիստական կահույքը օգնում է նաև տեսողականորեն ընդլայնել տարածությունը՝ նույնիսկ շատ փոքր սենյակները դարձնելով հարմարավետ ու ֆունկցիոնալ։ Օրինակ՝ թաքնված պահոցներով մինիմալիստական բազմոցը ոչ միայն ոճային է, այլ նաև ֆունկցիոնալ։
2․ Մինիմալիստական կահույքը պրակտիկ է։
Նման կահույք ստեղծելիս՝ դիզայներները նախընտրություն են տալիս դիմացկուն, որակյալ նյութերին։ Շքեղ ու ոչ պրակտիկ նյութերից պատրաստված կահույք ընտրելու փոխարեն մինիմալիստական ոճը խրախուսում է ներդրում անել երկարաժամկետ որակի մեջ։ Մոդուլային կահույքը այս թրենդի վառ օրինակներից է։
3․ Մինիմալիստական կահույքը գրեթե միշտ հավերժական արժեք է։
Գերժամանակակից բարդ լուծումներով թրենդային կահույքը կարող է կորցնել իր ակտուալությունը մի քանի տարիների ընթացքում, այնինչ մինիմալիստական դիզայնն իր չեզոք էսթետիկայով գրեթե միշտ ոճային է։ Մինիմալիստական սուրճի սեղանը, օրինակ, տարբեր ժամանակներում կարող է հեշտությամբ համադրվել տարբեր ոճերի հետ։

Մինիմալիստական դիզայնի հիմնական տարրերը։
Բնական նյութեր․ փայտը, կաշին, մետաղը և քարը հաճախ են կիրառվում մինիմալիստական դիզայնում՝ մշակված կամ անմշակ տեսքով։
Պարզ լուծումներ․ մինիմալիստական դիզայնը խուսափում է չափազանց մեծ անկյուններից ու կորերից՝ կենտրոնանալով երկրաչափական ու գծային էլեմենտների վրա։
Չեզոք գույներ․ մինիմալիստական դիզայնում գերակշռում են սպիտակ, բեժ, մոխրագույն, սև երանգները՝ ընդգծված պաստելային երանգներով։
Բազմաֆունկցիոնալություն․ շատ մինիմալիստական մոդելներ կարող են կիրառվել մեկից ավելի նպատակներով՝ դրանք դարձնելով բազմաֆունկցիոնալ։
Որո՞նք են մինիմալիստական կահույք ստեղծելու բարդությունները։
Թեև մինիմալիստական կահույքը գեղեցիկ է, պարզության ու ֆունկցիոնալության միջև հավասարակշռության հասնելը մեծ հմտություն է պահանջում։ Անորակ արտադրանքը կարող է կյանքը հեշտացնելու փոխարեն լրացուցիչ խնդիրներ առաջացնել կահույքի վերանորոգման ու ֆունկցիոնալության վերակագնման տեսանկյունից։ Դիզայներների մեծագույն խնդիրն է ստեղծել այնպիսի մոդելներ, որոնք ոչ միայն տեսողականորեն գրավիչ են, այլ նաև հարմարավետ, բազմաֆունցիոնալ ու որակյալ՝ առանց ավելորդ տարրերի։
Բացի այդ, բարձրորակ նյութերի ձեռքբերումը բավականին ծախսատար է, այդ պատճառով որակյալ կահույքի գինը միշտ միջինից բարձր է։ Սակայն մինիմալիստական կահույքի դեպքում սա երկարաժամկետ ներդրում է։
Մինիմալիզմը մեր առօրյայում․ ամենաթրենդային ոճերը

Սկանդինավյան ոճը ընդգծում է բնական լույսը, հարմարավետ ֆունցիոնալությունը, չեզոք երանգների ու փայտի տարբեր տեսակների համադրումը։
Japandi Fusion-ը ճապոնական մինիմալիզմի ու սկանդինավյան ֆունցիոնալության միաձուլում է։ Այն կենտրոնանում է պարզության, բնական տարրերի օգտագործման, բնության հետ սերտ կապի պահպանման վրա՝ համադրված ֆունցիոնալ լուծումներով։ Փափուկ մոխրագույն, կապույտ, տաք սպիտակ և նուրբ կանաչ երանգները ստեղծում են հավասարակշռության և հանգստության զգացողություն։
Արդյունաբերական մինիմալիզմը առանձնանում է այնպիսի հումքի օգտագործմամբ, ինչպիսին են բետոնն ու մետաղը՝ զուգորդված նրբագեղ, պարզ դիզայնի հետ՝ ժամանակակից լուծումներով։
Այսպիսով՝ ինտերիեր դիզայնում մինիմալիստական ոճը ավելին է, քան պարզապես միտում․ այն բոլոր ժամանակներում կիրառելի ոճային լուծում է, որն առաջնահերթություն է տալիս որակին, ֆունկցիոնալությանը և գեղեցկությանը։ Մինիմալիստական կահույքը միտված է հեշտացնելու ժամանակակից մարդու կյանքը։ RedLine դիզայն ստուդիան մինիմալիստական ոճի ջատագովներից է՝ ձեզ առաջարկելով բազմաֆունցիոնալ ու ոճային լուծումներ՝ հարմարեցված ձեր ամենատարբեր պահանջմունքներին։
Comments